ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Խիստ ցածր նոտայով

Խիստ ցածր նոտայով
18.11.2014 | 11:58

Ալմաթիում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունը չափազանց ծանր փորձություն եղավ Հայաստանի ընտրանիների համար: Արդյունքը միանշանակ վատ է թե՛ առաջիկա օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակելու, թե՛ մեդալներ շահելու տեսակետից, թեպետ, եթե անկեղծ, այդպիսի բանի հույս էլ չկար՝ բացառությամբ հրում վարժությունում գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանի հնարավոր հաջող ելույթի: Ավաղ, մարզիկը վնասվածքի պատճառով հարկադրված է եղել վաղաժամ լքել մրցահարթակը: Հեռանկարի առումով հավաքականի այս կազմից աշխարհի առաջնությունների մրցահարթակում, փաստորեն, միակ հուսատու մրցելույթը եղել է 105 կգ քաշային կարգը ներկայացրած Սիմոն Մարտիրոսյանինը, ով ընդամենը տասնյոթ տարեկան է:
Քանի որ նախորդ համարում ներկայացրել էինք մինչ այդ մրցելույթ ունեցած մեր մարզիկների ցույց տված արդյունքներն ու գրաված տեղերը, վիճակագրության սիրահարների համար ամբողջացնենք շարքը.
Աղասի Աղասյան՝ 353 կգ (156+197), 15-րդ տեղ 85 կգ քաշային կարգում,
Սիմոն Մարտիրոսյան՝ 396 կգ (183+213), 7-րդ տեղ 105 կգ քաշային կարգում,
Հայկ Հակոբյան՝ 400 կգ (182+218), 14-րդ տեղ +105 կգ քաշային կարգում,
Ռուբեն Ալեքսանյան՝ - կգ, - տեղ +105 կգ քաշային կարգում,
Իզաբելա Յայլյան՝ 207 կգ (97+110), 19-րդ տեղ 63 կգ քաշային կարգում,
Քրիստինե Պետրոսյան՝ 189 կգ (87+102), 33-րդ տեղ 63 կգ քաշային կարգում,
Մելինե Դալուզյան՝ 227 կգ (102+125), 11-րդ տեղ 69 կգ քաշային կարգում,
Հռիփսիմե Խուրշուդյան՝ 243 կգ (107+136), 15-րդ տեղ +75 կգ քաշային կարգում:
Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ նախապատրաստական ողջ փուլում մեր ընտրանիների համար ստեղծված են եղել բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ կլիմայափոխվելու, ընդհանուր մթնոլորտի մեջ հիմնավոր մտնելու համար մարզիկները դեռևս երկու շաբաթ առաջ էին մեկնել մրցումների վայր: Այս հենքի վրա միանգամայն այլ խոսակցության թեմա է, թե ինչո՞ւ էր մեր մասնակցությունն այսպիսին, ո՞րն է ազգային ընտրանիների ձախողումների պատճառը, և ինչո՞ւ կամ ում մեղքով ենք հայտնվել ծուռ հայելիների աշխարհում: Համենայն դեպս հստակ կարող ենք նշել, որ ոլորտի ֆինանսավորումը չէ պատճառը: Հարկավ, մենք կարող ենք խոսել ավելի քան առարկայական, փաստերով, սակայն ո՞վ է լինելու դրանց ականջալուր: Միևնույն է, ամեն ինչ տեղ է հասնելու միջնորդավորված ու կամայական մեկնաբանություններով:
Իհարկե, մեր չափազանց թույլ մասնակցությունը չի նշանակում, թե առաջնությունն էլ այդպիսին է եղել: Ապշելու լարված պայքար է եղել գրեթե յուրաքանչյուր քաշային կարգում, իսկ անվերապահ զարդն էլ եղել է 105 կգ քաշայինների մրցելույթը` Ղազախստանը ներկայացրած ֆենոմենալ մարզիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Իլյա Իլյինի, աշխարհի արդեն նախկին չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի (ՈՒզբեկստան) ու մեր հայրենակից Դավիթ Բեջանյանի (Ռուսաստան) մասնակցությամբ: Համենայն դեպս, համաշխարհային ծանրամարտի պատմության մեջ չի եղել դեպք, երբ երեք մարզիկ նույն քաշային կարգում իրենց մրցելույթներն ավարտեն աշխարհի ռեկորդ սահմանելով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ